Posted in Թռիչք դեպի միտք

Կրթահամալիրի իմ խորհրդանիշը…

Եթե հետաքրքիր է, կարող ես կարդալ անցած տարվա գրած ստեղծագործությունս նույն թեմայով:

Հղումն՝ այստեղ

Վերջերս պարզ նկատում եմ, որ կրթահամալիրը սկսել եմ մի այլ կերպ սիրել: Այդ սերը կարծես կամաց-կամաց ինձ հետ փոխվում է, ինչքան ես եմ փոխվում, ինչքան մտքերս, գաղափարներս, մտածողությունս, կերպարս, ինչքան այս ամենն է փոխվում, այդքան էլ վերաբերմունքս բնականաբար շատ մարդկանց հանդեպ, երևույթների, զգացմունքների: Այսպիսով՝ այդ սերն էլ իր հերթին դարձել է ավելի հասուն, ավելի ուրիշ: Ուղղակի միգուցե ընկալել եմ, որ կերտվել ու կերտվում եմ հենց կրթահամալիրի շնորհիվ: Իրոք, ողջ մարմնով փշաքաղվում եմ, երբ մի պահ պատկերացնում ու գիտակցում եմ, որ փոքր տարիքից մեծացել եմ այստեղ, կրթահամալիրի պատերը տեսել են ինձ ամեն վիճակում՝ խառնված, նեղված, չկողմնորոշված, ոգևորված, տագնապով լցված, ուրախությամբ պատված, ամեն ձև: Կրթահամալիրն իմ մեջ է, իրոք իմ մեջ է, որովհետև երբ դադար ես տալիս, կանգնում մի պահ ու հասկանում, որ այդտեղ դու ապրել ես քո կյանքի ամենահավես պահերը, ամենատարբերվող պահերը, ապա գիտակցում ես, որ երբեք չես կարողանալու լիարժեք բաց թողնել այն, ինչի միջով անցել ես, ու գիտես, պետք էլ չի, որպեսզի բաց թողես այդ ամենը, պետք էլ չի, որ նոր միջավայր մտնելուց առաջ հինը մոռանաս, որովհետև ինչքան շատ է այդ մոռանալու կարիքը, անհրաժեշտությունը, ցանկությունը, այդքան միտքդ ավելի ու ավելի շատ է կապնվում այդ հիշողությունների հետ: Այստեղ ապրել եմ այն ամենն, ինչ այդքան կարևոր է կյանքում, այստեղ կորցրել, գտել եմ ինձ, ինքս իմ մտքերը, իդեաները, այստեղ ես լիովին, լիաթոք ապրել եմ: Եկել եմ այն համոզմանը, որ չպետք է փնտրեմ ինձ խորհրդանիշ այստեղ, չպետք է փնտրեմ վայր, որը ամենաշատն է հարազատ, չպետք է փնտրեմ իր, որն ամենաշատն եմ սիրում, ուղղակի պիտի վայելեմ ու գնահատեմ ամեն պահը կրթահամալիրում, որովհետև ներկայիս պահին ուղղակիորեն ապրում եմ ամեն մի վայրկյանով, կրթահամալիրի ամեն ինչով, չեմ խորանում, չեմ որոնում… Գտնում եմ, որ հենց ես ինքս իմ համար կրթահամալիրի խորհրդանիշ եմ, որովհետև հոգուս խորքում կրթահամալիրը ինձ այնքան լավ ու ճշգրիտ է ճանաչում, էլ ասելու չի… Սիրում եմ կրթահամալիրը, ու սիրում եմ զուտ միայն այն փաստը, որ այսքան ճանապարհ եմ անցել ու անցնում այստեղ:

Leave a comment