Posted in Թռիչք դեպի միտք

Մտքերը սիրում են հասկանալի լինել

Չե՞ք կարծում, որ այն տագնապներն ու մտածմունքները, որ մենք զգում ենք, խորհում, մեր մեջ մեկուսացնում, ստեղծել ենք հենց ինքներս: Այո, իրոք, արտաքին աշխարհը, մարդիկ, իրավիճակները, մենք միշտ գտնում ենք մի բան, որով պիտի արդարացնենք այն, ինչ զգում ենք, սակայն արդյո՞ք զգալը պետք է ունենա արդարացում: Արդյո՞ք մենք պարտավոր ենք ապացուցել ինքներս մեզ, կամ ուրիշին, որ այս, կամ այն բանը չենք զգում, կամ չենք զգացել: Զգացմունքները հայտնի են միշտ մեզ, հավատա դու ինքդ քո մեջ միշտ դա տեսնելու ես, միշտ հասկացնելու է տալու քեզ քո փոքրիկ աշխարհը, այստեղ հարցը ընդունման ու ընկալման մեջ է: Մենք ուզում ենք առաջ գնալ, ուզում ենք այլ կերպ ապրել, փոխել ամեն բան, սակայն չենք հասկանում, որ փոխելու համար շատ-շատ կարևոր է ընկալել ու ընդունել այն ամենը, ինչ քեզ հետ կատարվել ու կատարվում է: Քո յուրաքանչյուր միտք, որ շոշափում է հոգիդ, ուզում է քեզ մի բան ասել, մի բան հասկացնել, իսկ դու ուղղակի վերցնում ու արհամարում ես: Արհամարելով դու չես վանում քեզնից այդ մտքերը, դու ուղղակի ժամանակավոր մոռացնել ես ինքդ քեզ տալիս արհեստականորեն: Արհեստականորեն մոռանում ես, այո, սակայն անցնում է ժամանակ և այդ մտքերը ամեն դեպքում այցելում են քեզ, քանի որ այն ինչ ուզեցել են քեզ ասել, դու չես լսել, չես հասկացել, իսկ մտքերը հասկանալի լինելու տենչանք ունեն միշտ, սիրում են, որպեսզի իրենց լսեն, ընդունեն, կիսեն իրենց տեսակետը, կամ փոխելու դեպքում ունենան հիմքեր: Մի՛ տանջիր քեզ, իրոք, հավատա, որ ընդունելն ու վերլուծելը շատ ավելի ճիշտ ու հեշտ է, քան փախնելը այն ամենից, ինչը մեկ է, մի օր գալու է:

Leave a comment