Posted in Uncategorized

Ձմռան հեքիաթը…

Մենք ակամա հավատում ենք հեքիաթներին: Այո, այդտեղ չկա ռոմանտիզմ, սենտիմենտալիզմ, այդտեղ ընդամենը մարդու ողջ էությունն է: Մենք պարտավոր ենք ունենալ մեր հեքիաթը, որպեսզի կարողանանք լիարժեք ապրել, ու թեկուզ ինքներս էլ մեր հոգու խորքում պարզ իմանանք, որ այդ հեքիաթը ուղղակի մեր երևակայության ճյուղերով հյուսված մի պարան է, մենք մեկ է, ընտրում ենք այդ պարանով կախվելը: Մինչև վերջ հերքում ենք իրականությունը, ու դա անում ենք ենթագիտակցորեն, մեր բանականությունը այդտեղ ամբողջովին անջատված է, քանի որ այստեղ գործում է գոյության պայքարը, պայքար, որը զուրկ է կանոններից, սահմաններից և ճաղավանդակներից, պայքար, որտեղ կաս միայն դու ու քո փոքրիկ հեքիաթը: Եթե հեքիաթ, ապա հենց ձմռան հեքիաթ: Չգիտեմ, ուղղակիորեն այնքան եմ սիրում ձմռան հեքիաթը, որովհետև այն կարծես ունենա իր ուրույն սիրունությունն ու խորհրդավորությունը, միշտ մի բան թողնում է անավարտ, կիսատ, չհասկացված, ու հենց այդ պարզ ստրատեգիան այնպես է անում, որպեսզի կապվես այդ հեքիաթին: Երևի ձմռան ցրտից է, որ հենց այդպես կապվում ես, որովհետև երբ արտաքին աշխարհը սառում է, ստիպված ես ջերմություն փնտրել ներսում, ստիպված ես տեսնել ու հասկանալ մարդկանց, ովքեր տալիս են քեզ այդ ջերմությունը: Ու դա կարևոր է… Միշտ էլ անփոխարինելի կարևոր է, որպեսզի կարողանաս հեքիաթիդ մեջ գտնես ջերմություն, հենց այդ ջերմությունն է քո փոքրիկ աշխարհին լուսավորող ճրագը, պիտի կարողանաս վերցնել, վառել այն ու ջերմանալ ողջ հոգով: Երբ այդ ճրագը ի վերջո կարողանում ենք վառել, գալիս է ժամանակը, որպեսզի սուզվենք այդ ջերմության մեջ: Այդպես մենք կերտում ենք մեր ձմռան անփոխարինելի հեքիաթը…

Leave a comment